Անգլերենի և գերմաներենի բառային «թակարդների» մասին

dictionary

Գերմաներենը և անգլերենը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվաճյուղի արևմտյան ենթաճյուղին։ Կարելի է ասել, որ նրանք «քույր լեզուներ են», հետևաբար զարմանալի չէ, որ դրանց բառապաշարները շատ ընդհանրություններ ունեն։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգլերեն ամենատարածված բառերի 35%-ը փոխառվել է գերմաներենից։ Բայց այս լեզվական գործընթացը միակողմանի չէ։ Գերմաներենը հեշտությամբ է փոխառում անգլերեն բառերը, ինչը հատկապես նկատելի է համացանցի, զբոսաշրջության և տնտեսական գլոբալիզացիայի ազդեցությունների մեծացման արդյունքում։

Ահա երկկողմանի փոխառությունների մի քանի օրինակ՝ alarm — der Alarm (տագնապ), ball — der Ball (գնդակ), chance — die Chance (հնարավորություն), finger — der Finger (մատ), gold — der Gold (ոսկի), hammer — der Hammer (մուրճ), ideal — das Ideal (կատարելություն), material — das Material (նյութ), name — der Name (անուն), person — die Person (անձ), ring — der Ring (մատանի), sofa — das Sofa (բազմոց), tiger — der Tiger (վագր), wind — der Wind (քամի), zebra — das Zebra (զեբր)։

Գերմաներենը և անգլերենը բառեր են փոխառել նաև ֆրանսերենից. lektüre բառը երկու լեզուներն էլ փոխառել են ֆրանսերենից, բայց գերմաներենում իմաստը մնացել է նույնը, այն է՝ ընթերցանություն, մինչդեռ անգլերենում բառը ձեռք է բերել նոր իմաստ՝ դասախոսություն։ Chef բառը գերմաներենը փոխառել է ֆրանսերենից միևնույն իմաստով՝ առաջնորդ, ղեկավար։ Ավելի ուշ անգլերենը փոխառել է chef de cuisine (ավագ խոհարար) արտահայտությունը ֆրանսերենից՝ հետագայում թողնելով միայն chef բառը։ Բառիմաստների այսպիսի փոփոխությունները հաճախ են շփոթություններ առաջացնում անգլերեն և գերմաներեն սովորողների շրջանում։

Կան նաև բառեր,որոնք ամբողջովին նույնն են գրությամբ և՛ անգլերենում, և՛ գերմաներենում, սակայն տարբեր են իրենց իմաստներով և կոչվում են միջլեզվային համագիրներ կամ հոմոգրաֆներ։ Պետք է նշել, որ այս բառերը հաճախ թյուրըմբռնում են առաջացնում իմաստային տարբերության պատճառով։

Օրինակ՝

      • Gift բառը անգլերենում նշանակում է նվեր, գերմաներենում՝ թույն։ Այսինքն՝ պետք է զգույշ լինել գերմանացի ընկերներից նվերներ ստանալիս։
      • Rat բառը անգլերենում նշանակում է առնետ, իսկ գերմաներենում՝ խորհուրդ։ Ուրեմն գերմանացի ընկերներից «առնետներ» ստանալը լավ է։
      • Kind բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է երեխա, իսկ անգլերենում ունի բարի իմաստը։
      • Angel բառը անգլերենում ունի հրեշտակ, իսկ գերմաներենում՝ ձկնորսական կարթ իմաստը։
      • Hut բառը գերմաներրնում նշանակում է գլխարկ, իսկ անգլերենում՝ խրճիթ։
      • Boot բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է երկարաճիտ կոշիկ, իսկ գերմաներենում ունի նավակ իմաստը։
      • Taste բառը գերմաներենում նշանակում է ստեղն, իսկ անգլերենում՝ համ։
      • Gut բառը գերմաներնում ունի լավ իմաստը, իսկ անգլերենում՝ աղիք։
      • Fast բառը անգլերեն թաևգմանաբար նշանակում է արագ, իսկ գերմաներենում այն ունի համարյա իմաստը։
      • Rock բառը անգլերենում նշանակում է ժայռ, իսկ գերմաներենում՝ կիսաշրջազգեստ և այլն։

Բարդ բառերը նույնպես կարող են թյուրըմբռնման պատճառ դառնալ։ Օրինակ կարելի է մտածել, որ եթե das Haus (տուն) բառը հենց house-ն է, իսկ der Meister (տեր) բառը՝ Master,հեշտ է եզրակացնել, որ der Hausmaster բառն էլ իմաստով համընկնում է housemaster (հանրակացարանի կառավարիչ) բառի հետ։Բայց այդպես չէ. բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է դռնապան։ Gottvater բառը ոչ թե նշանակում է կնքահայր (godfather), այլ՝ Հայր Աստված (God The Father)։

Այս բոլոր բառային «թակարդները» բավականին վտանգավոր են թվում, բայց լեզուն հիմնավոր ուսումնասիրողը պետք է «զինվի» բառարանով ու ամեն անգամ նոր բառ հանդիպելիս պետք է սովորի դրա բոլոր իմաստներն ու կիրառությունները։

Հրատարակված՝ Գիտահանրամատչելի-ում | Մեկնաբանությունները կասեցված են Անգլերենի և գերմաներենի բառային «թակարդների» մասին-ում

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան 2016. Ռոմանագերմանական բաժանմունք

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի կազմկոմիտեն

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի կազմկոմիտեն

Երեք օր շարունակ՝ ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքում ընթանում էր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի նիստերը։ Նստաշրջանի ողջ ընթացքում զեկույցներ էին ներկայացնում ինչպես մայր բուհի, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ մյուս բուհերի ուսանողները։

Ռոմանագերմանական բաժանմունքի բացում՝ ողջույնի խոսքերով է հանդես գալիս ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Ս. Աբրահամյանը, իսկ նույն օրվա նիստը նախագահեց բ.գ.թ., պրոֆեսոր Շ. Պարոնյանը

Ռոմանագերմանական բաժանմունքի բացում՝ ողջույնի խոսքերով է հանդես գալիս ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Ս.Աբրահամյանը, իսկ նույն օրվա նիստը նախագահեց բ.գ.թ., պրոֆեսոր Շ. Պարոնյանը

Բաժանմունքի բացումը սկսվեց ապրիլի 26-ին, ֆակուլտետի դեկան պ.գ.թ., դոցենտ Ս․ Աբրահամյանի ողջույնի խոսքերով։ Ենթաբաժանմունքը, որտեղ կայացավ առաջին նիստը, նվիրված էր միջմշակութային հաղորդակցության արդի խնդիրների ուսումնասիրությանը։ Աշխատանքային լեզուն անգլերենն էր, ինչն ուսանողներին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց իրենց կատարած հետազոտական աշխատանքները ներկայացնել օտար լեզվով։  Նիստը նախագահում էր Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Շ. Պարոնյանը։

Նիստը նախագահող՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյան

Նիստը նախագահող՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյան

Ապրիլի 27-ին ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին արտասահմանյան գրականության ենթաբաժանմունքում։ Նիստը նախագահում էր արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Ա. Առաքելյանը: Նիստի մասնակիցները հանդես եկան իրենց զեկույցներով, և յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդեց կարճատև և կառուցողական քննարկում։ Արծարծվող թեմաները բազմազան էին․ ամերիկյան լիրիկայից մինչև ռասիզմի հաղթահարման խնդիրներ։ Նիստի ավարտին պրն Առաքելյանը հայտնեց իր գոհունակությունը կատարված աշխատանքների և դրանք հմտորեն ներկայացնելու վերաբերյալ նաև կոչ արեց ցանկացած գիտական հարցով դիմել արտասահմանյան գրականության ամբիոն՝ խոստանալով աջակցել յուրաքանչյուր ուսանողի գիտական քայլերը։ Պրն Առաքելյանի խոսքերով նման նախաձեռնությունները ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում պետք է ավելի հաճախակի դարձնել՝ արտասահմանյան գրականության ուսումնասիրություններին զարկ տալու համար։

Նիստը նախագահող՝ Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գ. Հարությունյան

Ապրիլի 28-ին Ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի վերջին նիստը։ Սույն ենթաբաժանմունքը լեզվաբանության արդի խնդիրների ուսումնասիրությանն էր նվիրված։ Նիստը նախագահում էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գ. Հարությունյանը։ Աշխատանքային լեզուն կրկին անգլերենն էր, և զեկուցումներից գրեթե բոլորն անգլերենով էին։  Հատկանշական էր, որ Մեծ Եղեռնի հարյուր մեկ ամյակին ընդառաջ, այս տարվա զեկույցներից որոշները նվիրված էին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող խնդիրների լուսաբանմանը։

Իսկ այսօր՝ ապրիլի 29-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի փակումը, որի ընթացքում հավաստագրեր տրվեցին գիտական նստաշրջանում զեկուցած բոլոր մասնակիցներին։ Փակման արարողության ավարտին ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նստաշրջանի բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց հանդիպել հաջորդ տարվա ԵՊՀ ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված տարեկան գիտական նստաշրջանին։

Հրատարակված՝ Միջոցառումներ-ում | Մեկնաբանությունները կասեցված են ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան 2016. Ռոմանագերմանական բաժանմունք-ում

Թարգմանական արվեստ

«Թարգմանական արվեստ» հանդիպում Վ. Արսենի հետ

Մարտի 21-ին տեղի ունեցավ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած «Աշունը գրչիս տակ» թարգմանական մրցույթի ամփոփումը, որը արդեն 3-րդ տարին է կազմակերպվում՝ հնարավորություն տալով ուսանողներին իրենց թարգմանական հմտությունները զարգացնելու:

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ․ Արսենյանը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ն. Միրաքյանը

Այս տարի մրցույթն ամփոփեց ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Վահե Արսենը, որը կարևորեց թարգմանական արվեստում մայրենի լեզվին տիրապետելու հանգամանքը: Վերջինս նշեց, որ թարգմանական դպրոցը կվերկանգնվի. ի վերջո այդ բնագավառը ժառանգել է ավանդույթներ դեռ Դավիթ Անհաղթի ժամանակներից: 1-ին տեղը զբաղեցրած Էմմա Բաղդասարյանի թարգմանությանը անդրադառնալով՝ Վահե Արսենը կարևորեց նրա ստեղծագործական և ինքնատիպ մոտեցումը, որին հաղթողներին ընտրելիս ժյուրիի կազմը առանձնահատուկ կարևորություն էր տվել: 2-րդ տեղը զբաղեցրեց Անի Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը՝ Սոնա Դաբաղյանը:

«Աշունը գրչիս տակ» գեղարվեստական թարգմանությունների մրցույթի ամփոփում

Պարգևատրումից հետո Վահե Արսենը հորդորեց ուսանողներին շարունակել իրենց ընտրած ուղին և չհիասթափվել դժվարություններից՝ նշելով, որ գեղարվեստական թագմանության հիմքում արվեստն է, իսկ արվեստը ռազմավարական լուրջ զենք է:

Հրատարակված՝ Միջոցառումներ-ում | Թողնել մեկնաբանություն

Բարի գալուստ

Սույն կայքը ստեղծվել է մի քանի նպատակներով։ Նախ, այն կծառայի գիտությամբ հետաքրքրված անձանց, մասնավորապես, բանասիրական գիտությունների  համար օգտավետ ռեսուրսների համահավաք վայր հանդիսանալով։ Ինչպես նաեւ կայքում կընդգրկենք ուսումնաօժանդակ նյութեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել օտար լեզուներ ուսումնասիրողների համար։ Եվ երկրորդ, այս կայքում կլուսաբանվեն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջոցառումներն, իսկ կայանալիք նախաձեռնությունների մասին կտեղադրվի համապատասխան հայտարարություն։ Նշված կառույցի միջոցառումները միտված են նպաստելու ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։

Այլ կերպ ասած, մենք հետամուտ ենք եղել պատրաստել մի կայք, որը կդարձնի անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումը ավելի դյուրին գործընթաց։

Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Բարի գալուստ-ում