Անգլերենի և գերմաներենի բառային «թակարդների» մասին

dictionary

Գերմաներենը և անգլերենը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվաճյուղի արևմտյան ենթաճյուղին։ Կարելի է ասել, որ նրանք «քույր լեզուներ են», հետևաբար զարմանալի չէ, որ դրանց բառապաշարները շատ ընդհանրություններ ունեն։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգլերեն ամենատարածված բառերի 35%-ը փոխառվել է գերմաներենից։ Բայց այս լեզվական գործընթացը միակողմանի չէ։ Գերմաներենը հեշտությամբ է փոխառում անգլերեն բառերը, ինչը հատկապես նկատելի է համացանցի, զբոսաշրջության և տնտեսական գլոբալիզացիայի ազդեցությունների մեծացման արդյունքում։

Ահա երկկողմանի փոխառությունների մի քանի օրինակ՝ alarm — der Alarm (տագնապ), ball — der Ball (գնդակ), chance — die Chance (հնարավորություն), finger — der Finger (մատ), gold — der Gold (ոսկի), hammer — der Hammer (մուրճ), ideal — das Ideal (կատարելություն), material — das Material (նյութ), name — der Name (անուն), person — die Person (անձ), ring — der Ring (մատանի), sofa — das Sofa (բազմոց), tiger — der Tiger (վագր), wind — der Wind (քամի), zebra — das Zebra (զեբր)։

Գերմաներենը և անգլերենը բառեր են փոխառել նաև ֆրանսերենից. lektüre բառը երկու լեզուներն էլ փոխառել են ֆրանսերենից, բայց գերմաներենում իմաստը մնացել է նույնը, այն է՝ ընթերցանություն, մինչդեռ անգլերենում բառը ձեռք է բերել նոր իմաստ՝ դասախոսություն։ Chef բառը գերմաներենը փոխառել է ֆրանսերենից միևնույն իմաստով՝ առաջնորդ, ղեկավար։ Ավելի ուշ անգլերենը փոխառել է chef de cuisine (ավագ խոհարար) արտահայտությունը ֆրանսերենից՝ հետագայում թողնելով միայն chef բառը։ Բառիմաստների այսպիսի փոփոխությունները հաճախ են շփոթություններ առաջացնում անգլերեն և գերմաներեն սովորողների շրջանում։

Կան նաև բառեր,որոնք ամբողջովին նույնն են գրությամբ և՛ անգլերենում, և՛ գերմաներենում, սակայն տարբեր են իրենց իմաստներով և կոչվում են միջլեզվային համագիրներ կամ հոմոգրաֆներ։ Պետք է նշել, որ այս բառերը հաճախ թյուրըմբռնում են առաջացնում իմաստային տարբերության պատճառով։

Օրինակ՝

      • Gift բառը անգլերենում նշանակում է նվեր, գերմաներենում՝ թույն։ Այսինքն՝ պետք է զգույշ լինել գերմանացի ընկերներից նվերներ ստանալիս։
      • Rat բառը անգլերենում նշանակում է առնետ, իսկ գերմաներենում՝ խորհուրդ։ Ուրեմն գերմանացի ընկերներից «առնետներ» ստանալը լավ է։
      • Kind բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է երեխա, իսկ անգլերենում ունի բարի իմաստը։
      • Angel բառը անգլերենում ունի հրեշտակ, իսկ գերմաներենում՝ ձկնորսական կարթ իմաստը։
      • Hut բառը գերմաներրնում նշանակում է գլխարկ, իսկ անգլերենում՝ խրճիթ։
      • Boot բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է երկարաճիտ կոշիկ, իսկ գերմաներենում ունի նավակ իմաստը։
      • Taste բառը գերմաներենում նշանակում է ստեղն, իսկ անգլերենում՝ համ։
      • Gut բառը գերմաներնում ունի լավ իմաստը, իսկ անգլերենում՝ աղիք։
      • Fast բառը անգլերեն թաևգմանաբար նշանակում է արագ, իսկ գերմաներենում այն ունի համարյա իմաստը։
      • Rock բառը անգլերենում նշանակում է ժայռ, իսկ գերմաներենում՝ կիսաշրջազգեստ և այլն։

Բարդ բառերը նույնպես կարող են թյուրըմբռնման պատճառ դառնալ։ Օրինակ կարելի է մտածել, որ եթե das Haus (տուն) բառը հենց house-ն է, իսկ der Meister (տեր) բառը՝ Master,հեշտ է եզրակացնել, որ der Hausmaster բառն էլ իմաստով համընկնում է housemaster (հանրակացարանի կառավարիչ) բառի հետ։Բայց այդպես չէ. բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է դռնապան։ Gottvater բառը ոչ թե նշանակում է կնքահայր (godfather), այլ՝ Հայր Աստված (God The Father)։

Այս բոլոր բառային «թակարդները» բավականին վտանգավոր են թվում, բայց լեզուն հիմնավոր ուսումնասիրողը պետք է «զինվի» բառարանով ու ամեն անգամ նոր բառ հանդիպելիս պետք է սովորի դրա բոլոր իմաստներն ու կիրառությունները։

Վեներա Ստեփանյանի մասին

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ուսանողուհի
Այս նյութը հրատարակվել է «Գիտահանրամատչելի» բաժնում։ Էջանշեք մշտական հղումը։